Ասանժը կմասնակցի Լոնդոնում հրավիրված մամուլի ասուլիսին. փաստաբաններ

14:51 • 05.02.16

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների խումբն ուրբաթ օրը պատրաստվում է մամուլի ասուլիս անցկացնել նրա մասնակցությամբ՝ WikiLeaks-ի հիմնադրի օգտին կայացված ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման առնչությամբ, հաղորդում է РИА Новости-ն։

 

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը նախատեսված է Լոնդոնի Frontline Club լրագրողական ակումբում՝ տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան ժամանակով ժամը 16.00-ին-Խմբ.)։

 

Ինչպես սպասվում է՝ դրան կմասնակցի ինքը՝ Ասանժը, և նրա փաստաբաններ Բալտասար Գարսոնը, Մելինդա Թեյլորը, Ջենիֆեր Ռոբինսոնը: Հենց այսօր կեսօրին էր Ասանժը խոստացել դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, եթե ՄԱԿ-ը ոչ իր օգտին որոշում կայացներ:

 

«Ջուլիանը և նրա փաստաբանները ներկա կլինեն, որպեսզի քննարկեն որոշումը և դրա հետևանքները WikiLeaks-ի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի համար»,- ասված է Ասանժի փաստաբանների հաղորդագրության մեջ:

 

Տեքստում չի հստակեցվում, թե ինչպես է Ասանժը մասնակցելու միջոցառմանը։

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ համաձայն չէ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքի հետ։ Բրիտանիայի իշխանությունները հավելել էին, որ ձերբակալության օրդերը շարունակում է ուժի մեջ մնալ, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է պարտավորված լինել նրան արտահանձնել Շվեդիա։

 

Շվեդիայի իշխանություններն էլ հայտարարել են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման հետ անհամաձայնության մասին:

 

Ասանժը կմասնակցի Լոնդոնում հրավիրված մամուլի ասուլիսին. փաստաբաններ