ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումն ավելի կարևոր է, քան առանձին երկրների կարծիքը. Ասանժ
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատազրկման հարցով որոշում ընդունած ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամների կարծիքն ավելի կարևոր է, քան առանձին երկրների կարծիքը, վստահ է ինքը՝ Ասանժը, հաղորդում է Reuters-ը։
Այդ մասին նա հայտարարել է՝ տեսակապով միանալով Լոնդոնի Frontline Club լրագրողական ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսին, որին մասնակցել են նաև նրա փաստաբանները։
«Խմբի անդամների կարծիքն ավելի վեր է միջազգային նորմերի հիերարխիայում, քան առանձին երկրների կարծիքը… Դուք չեք կարող ոչ մի կերպ չարձագանքել այդ որոշմանը, եթե այն ձեզ դուր չի գալիս, որովհետև դուք օրենք եք խախտում»,- ասել է Ասանժը։
Նա հավելել է, որ աշխատանքային խմբի որոշումներն իրավաբանորեն պարտավորեցնող են, ինչպես նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Շվեդիան դիվանագիտական հետևանքներ կունենան ՄԱԿ-ին արհամարհելու համար:
Ասանժը կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիան և Շվեդիան կարող են պատժվել ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման հետ չհամաձայնելու համար։
«Ես կարծում եմ, որ այստեղ կարող է հարց բարձրանալ պատժամիջոցների մասին»,- ասել է Ասանժը: Նա իր ելույթն ավարտել է՝ ասելով, որ կարոտում է ընտանիքին:
«Ես կարոտում եմ ընտանիքիս: Մենք այսօր կարևոր հաղթանակ ենք ունեցել, ինչը ժպիտ է բերել իմ դեմքին, և հուսով եմ՝ նաև շատ ուրիշների»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն չէ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքի հետ։ Բրիտանիայի իշխանությունները հավելել են, որ ձերբակալության օրդերը շարունակում է ուժի մեջ մնալ, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է պարտավորված լինել նրան արտահանձնել Շվեդիա։ Շվեդիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման հետ անհամաձայնության մասին:










