Ժիրինովսկին առաջարկել է պատասխանել BBC-ին` Քարոզչության նախարարություն ստեղծելով
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի պատրաստած World War Three: Inside the War Room ֆիլմին ի պատասխան Ռուսաստանը պետք է թողարկի իր քարոզչական մեքենան, գրում է Лента-ն:
Քաղաքական գործչի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել Քարոզչության նախարարություն, որը կկենտրոնանա համապատասխան ֆիլմերի և սերիալների ստեղծման վրա: Տարածման հարցով պետք է զբաղվեն հեռուստաալիքները և առցանց ԶԼՄ-ները, նշել է Ժիրինովսկին:
«Մենք պետք է գործենք և ցույց տանք, որ Արևմուտքը սադրանքներ է պատրաստում և փորձում է սրել իրավիճակը: Դեռևս նախքան Մայդանը, մենք կարող էինք թողարկել ֆիլմ այն մասին` ինչպես են այնտեղ մշակում ուկրաինացիներին և ռուսներին: Նույնը Վրաստանի մասին»,- հայտարարել է Ժիրինովսկին:
BBC-ով ցուցադրված ֆիլմը լայն հասարակական և քաղաքական աղմուկ է առաջացրել: Ֆիլմի հայտնվելուն քննադատաբար էին արձագանքել Կրեմլում։
Այն ցուցադրվել է փետրվարի 3-ին: Ըստ սցենարի՝ Ռուսաստանի ու Լատվիայի միջև տեղի է ունենում ռազմական կոնֆլիկտ, որը վերաճում է Երրորդ համաշխարհային պատերազմի: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ն միջուկային զենք է կիրառում, ինչից էլ սկսվում է պատերազմը։










