Մեծ Բրիտանիան մեկնաբանել է Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը

13:24 • 05.02.16

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն չէ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքի հետ։

 

«Սա ոչինչ չի փոխում: Մենք ամբողջովին մերժում ենք պնդումները, թե Ջուլիան Ասանժը վիճարկելի կալանքի զոհ է։ Մեծ Բրիտանիան արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ին, որ մենք պաշտոնապես կմերժենք աշխատանքային խմբի կարծիքը»,- ասված է հայտարարությունում։

 

Ինչպես ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հայտարարությունում՝ Ջուլիան Ասանժը երբեք կալանավորված չի եղել Մեծ Բրիտանիայի կողմից: «Նա իրականում ինքնակամ խուսափում է ձերբակալությունից՝ ընտրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալը»,- ասված է հայտարարությունում:

 

Բրիտանիայի իշխանությունները հավելել են, որ բռնաբարության մեղադրանքը դեռ առաջադրված է, և ձերբակալության օրդերը շարունակում է ուժի մեջ մնալ, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է պարտավորված լինել նրան արտահանձնել Շվեդիա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Շվեդիայի իշխանությունները հայտարարել են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման հետ անհամաձայնության մասին:

 

Շվեդիայի դատախազությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը ֆորմալ նշանակություն չունի Շվեդիայում բռնաբարության համար կասկածվող Ասանժի գործով հետաքննության աշխատանքում:

 

Ասանժի պաշտպանությունն իր հերթին կարծում է, որ բրիտանական իշխանությունները ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումից հետո պետք է ազատեն Wikileaks-ի հիմնադրին: