Գերմանական հակահետախուզությունը հայտնել է ներգաղթյալների շարքերում ԻՊ-ի գրոհայինների մասին

14:38 • 05.02.16

Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը ստացել է ավելի քան 100 հաղորդագրություն այն մասին, որ երկրի տարածքում կարող են գտնվել «Իսլամական պետություն» ահաբեկաչական խմբավորման գրոհայիններ: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը, փոխանցում է Лента-ն:

 

Նրա խոսքով` ծայրահեղականները կարող էին մուտք գործել Գերմանիա մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների հետ: Ընդ որում՝ Մաասենը նշել է, որ ստացված հաղորդագրությունների թվում կան նաև այնպիսիները, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

 

Փետրվարի 4-ին գերմանական ոստիկանությունը ստուգումների արդյունքում ձերբակալել է Ալժիրից ժամանած 3 մարդու, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար։

 

Գործողությունն անցկացվել է Քյոլնում կառնավալին նախապատրաստվելու ֆոնին, որը գերմանացիների ավանդական և սիրելի տոնն է և որին մասնակցում է մի քանի հազար մարդ:

 

Գերմանական հակահետախուզությունը հայտնել է ներգաղթյալների շարքերում ԻՊ-ի գրոհայինների մասին