Դատարանն արդարացրել է սոցցանցում Էրդողանին վիրավորած թուրք դերասանուհուն
Թուրք դերասանուհի Գոնջա Վուսլաթերիին արդարացրել են սոցցանցերից մեկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով։
Ինչպես տեղեկացնում է Sabah-ը, դատավարության ընթացքում Անկարայի դատախազ Ադեմ Ջանը պահանջել է դերասանուհուն 1-2 տարվա ազատազրկման դատապարտել՝ Twitter-ում նրա արած գրառման պատճառով։
Նրա դեմ գործ էր հարուցվել Էրդողանի՝ դեռ վարչապետ եղած ժամանակահատվածում. երբ տարբեր հեռուստաընկերությունների ուղիղ եթերում ցուցադրվել էր նրա ելույթը կուսակցության համագումարի ընթացքում, դերասանուհին Twitter-ում վիրավորական գրառում էր կատարել, ապա ջնջել էր այն։
Նրա փաստաբանը ժխտել է իր պաշտպանյալի մեղքը՝ նշելով, որ դերասանուհին պարզապես ծաղրանկար է տարածել։ Դատարանը վճռել է արդարացնել Վուսլաթերիին։










