Քիսինջերը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը համարում է վատթարագույնը սառը պատերազմի տարիներից ի վեր

11:09 • 05.02.16

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի վատ են, քան սառը պատերազմի տարիներին:

 

The National Interest-ի համար գրած իր հոդվածում նա կոչ է արել կառուցել «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործընկերության ռազմավարական նոր կոնցեպտ, որի շրջանակում հնարավոր կլիներ կարգավորել վիճելի հարցերը»։

 

«Փոխադարձ վստահությունը երկու կողմից էլ սպառվել է: Առճակատումը եկել է փոխարինելու համագործակցությանը»,-նշել է Քիսինջերը:

 

Նա նաև տեսակետ է հայտնել Ուկրաինայի և Սիրիայի պետական կառուցվածքի հետագա ճակատագրի վերաբերյալ:

 

Նրա խոսքով՝ առաջին երկիրը պետք է «եվրոպական և միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ ըեղավորել այնպես, որ այն կամուրջ դառնա Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, այլ ոչ թե դառնա կողմերից մեկի ֆորպոստը»:

 

Ինչ վերաբերում է արաբական հանրապետությանը, Քիսինջերը կարծում է, որ տեղի կամ տարածաշրջանային իշխանությունները չեն կարող ինքնուրույն լուծում գտնել:

 

«ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ ջանքերն ու այլ երկրների հետ համակարգումը կարող էին ստեղծել Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման մոդելը», -ընդգծել է նախկին պետքարտուղարը:

 

Փետրվարի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ։


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս առաջնորդին ու ամերիկացի դիվանագետին վաղեմի հարաբերություններն են կապում, և նրանք մշտապես օգտագործում են զրուցելու հնարավորությունը։

Քիսինջերը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը համարում է վատթարագույնը սառը պատերազմի տարիներից ի վեր