Տաջիկստանի սահմանադրական դատարանը հավանություն է տվել Ռահմոնի՝ ցմահ նախագահ լինելուն

12:04 • 05.02.16

Տաջիկստանի սահմանադրական դատարանը հինգշաբթի հավանություն է տվել խորհրդարանի կողմից առաջարկված Սահմանադրության մեջ փոփոխություններին, որոնք թույլ կտան երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնին նաև 2020 թվականին, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

 

Սահմանադրական փոփոխություններից մեկում նշվում է. «Սահմանափակումները… չեն տարածվում ազգային միասնության հիմնադիր՝ Ազգի առաջնորդի վրա»։

 

Ռահմոնը գլխավորում է Տաջիկստանը 1992 թվականից: Սահմանադրության գործող նորմերի համաձայն՝ նա իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրելու 2020 թվականի ընտրություններում, սակայն Սահմանադրական դատարանի կողմից հավանության արժանացած փոփոխությունը նշանակում է, որ ներկայիս նախագահն իրավունք է ստանում առաջադրվել պետության նախագահի պաշտոնին առանց սահմանափակումների։

 

Սպասվում է, որ Սահմանադրական դատարանի կողմից հավանության արժանանալուց հետո փոփոխությունների մասին նախագիծը կհաստատի նաև խորհրդարանը, ինչից հետո կանցկացվի համաժողովրդական հանրաքվե։