Շվեդիայի իշխանությունները հայտարարել են Ասանժի գործով ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշման հետ անհամաձայնության մասին
Շվեդիայի իշխանությունները հայտարարել են Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշման հետ անհամաձայնության մասին, հաղորդում է РИА Новости-ն:
Շվեդիայի դատախազությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը ֆորմալ նշանակություն չունի Շվեդիայում բռնաբարության համար կասկածվող Ասանժի գործով հետաքննության աշխատանքում:
Ասանժի պաշտպանությունն իր հերթին կարծում է, որ բրիտանական իշխանությունները ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումից հետո պետք է ազատեն Wikileaks-ի հիմնադրին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հրապարակել է իր պաշտոնական որոշումը, որով անօրինական է ճանաչել 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատազրկումը:
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը կոչ է արել Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին «վերջ դնել Ասանժի ազատազրկմանը» և հարգել տեղաշարժման ազատության նրա իրավունքը։
Աշխատանքային խումբը պնդում է, որ Ասանժին պետք է փոխհատուցում վճարվի ազատության անօրինական զրկման համար:
Խումբը նաև նշել է, որ Ասանժի անօրինական երկարատև ազատազրկումը տեղի է ունեցել Շվեդիայի դատախազության ոչ բավարար ակտիվ հետաքննության պատճառով:
Ասանժը ՄԱԿ-ի հատուկ խմբի եզրակացությունն «իրավաբանորեն պարտավորեցնող» է անվանել:










