ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց

10:47 • 05.02.16

Միացյալ Նահանգների պետդեպը դիմել է երկրի քաղաքացիներին` խորհուրդ տալով խուսափել Թուրքիայի հարավ-արևելք` սիրիական սահմանին մոտ հատված այցելելուց:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Պետդեպի կոչը պայմանավորված է տվյալ տարածքում միջազգային ու տեղի ահաբեկչական խմբավորումների կողմից ահաբեկչությունների իրականացման սպառնալիքի մեծացմամբ:

 

Պետդեպն ընդգծել է, որ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում մեծ է մարդկանց առևանգման հավանականությունը: Բացի այդ, տարածքը վտանգավոր է սիրիական սահմանի կողմից հնչող կրակոցների պատճառով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում թուրք-սիրիական սահմանին լարված դրություն է: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ թուրքական զինված ուժերը նախապատրաստվում են Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացմանը։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արդեն մեկնաբանել է ռուսական պաշտպանական գերատեսչության պնդումները, թե Թուրքիան ռազմական ներխուժման է պատրաստվում հարևան Սիրիա: Ի պատասխան դրա՝ Դավութօղլուն ասել է, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած քայլ ձեռնարկելու՝ իր անվտանգությունն ապահովելու համար», հավելելով, որ Մոսկվան նման գործողություններով փորձում է շեղել ուշադրությունը «Սիրիայում իր հանցավոր գործունեությունից»:

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց