Թուրք պաշտոնյան հերքել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը

15:27 • 05.02.16

Անկարան մտադիր չէ ռազմական արշավ սկսել Սիրիայում. Reuters գործակալությանն ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում։

 

Նա նաև հավելել է, որ Թուրքիան Սիրիայում միայնակ չի գործելու և շարունակելու է համագործակցել կոալիցիոն գործընկերների հետ։

 

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայում Սաուդյան Արաբիայի հնարավոր ցամաքային գործողությունն ընդդեմ ԻՊ-ի և դրա ազդեցությունը միջսիրիական բանակցությունների վրա։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ ռուսական իշխանությունները հետևում են Սաուդյան Արաբիայի պլաններին, սակայն Մոսկվան դեռ որոշակի դիրքորոշում չունի այդ հարցի առնչությամբ։

 

The Guardian-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է մի քանի հազար զինծառայող ուղարկել ԻՊ-ի դեմ պայքարի համար՝ դա համաձայնեցնելով Թուրքիայի հետ։

 

Այդ մասին նաև հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասերին։


Երկու երկրներն էլ հանդես են գալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական դաշտից հեռացնելու օգտին և լուրջ կասկածներ ունեն առանց Դամասկոսի վրա ռազմական լրացուցիչ ճնշման քաղաքական կարգավորման հասնելու հարցում։

 

Թուրք պաշտոնյան հերքել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը