Կոլումբիայում զիկա տենդով հիվանդ 3 մարդ է մահացել
Զիկա վիրուսով հիվանդ երեք մարդ է մահացել Կոլումբիայում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է հարավամերիկյան երկրի Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարտա Լուսիան:
«Այժմ ուսումնասիրում են 6 մարդկանց մահվան հանգամանքները, ևս 3 հոգու մոտ, ովքեր վարակված են եղել զիկա վիրուսով, հաստատվել է տենդի պատճառով վրա հասած վախճանը», - Լուսիային մեջբերում է կոլումբիական El Heraldo պարբերականը:
Երկրի առողջապահության նախարարի խոսքով` Կոլումբիայում 25 000 մարդ վարակված է զիկա վիրուսով, սակայն այդ թիվը կարող է ավելի մեծ լինել` հաշվի առնելով այն, որ ոչ բոլորն են դիմել բուժօգնության:
Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մոծակների միջոցով: Վիրուսը առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում` ազդելով ուղեղի չափսերի վրա:










