Ամեն օր, կարծեք թե, վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից օգնություն առաջարկող գործընկեր է հայտնվում. Վ. Թումասյան

12:42 • 07.02.16

«Շիրակ» կենտրոնի մասնակցությունը բարեգործական ծրագրերին այս տարի աննախադեպ էր. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝  անդրադառնալով Գյումրիի տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչների խնդիրներին, որոնց «Շիրակ» կենտրոնը պարբերաբար օգնություն է ցուցաբերում:
 

«Նախորդ տարիների համեմատ կրկնապատիկ ավելի շատ մարդկանց ենք վառելափայտ տրամադրել: Դեռ շարունակում ենք, և կարծում եմ կշարունակենք մինչև մարտ ամիսը»,-ասաց Վահան Թումասյանը:

Միաժամանակ նա ասաց, որ այս բարեգործության վնասն այն է, որ շատ մարդիկ են ուզում օգտվել դրանից, այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են իրենք իրենց գլուխը պահել:

«3000 ընտանիք է դիմել աջակցություն ստանալու համար, մենք արդեն 1000 ընտանիքի տրամադրել ենք, բայց 1000-ից ավելի ծայրահեղ վիճակում գտնվող մոտ 120 ընտանիքի 5-6 անգամ ենք տրամադրում»,-նշեց նա:

Վահան Թումասյանն ասաց, թե վառելափայտը քիչ-քիչ են տրամադրում, որ կորուստները քիչ լինի:
«Եթե փողի կարիք ունենան, անպայման կվաճառեն փայտը, հասկանում եմ, որ իրենց իրավիճակից է»,-ասաց Վահան Թումասյանը՝ շարունակելով. «Ամեն օր կարծեք թե վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից է մի գործընկեր հայտնվում, որը օգնելու ցանկություն է հայտնում, և մենք, գրեթե ամեն օր, սպառում ենք մեր ամբողջ պաշարը»:

Կենտրոնի ղեկավարն ասաց, որ երբ հանրայնացնում են իրենց գործերը, էլի գործընկերներ են ներգրավվում իրենց ծրագրերում, բայց դա նաև իր բացասական կողմն ունի, այն է, որ կարող է մի ամբողջ գյուղ գնալ և դիմել. «Արթիկից եկել է ծանր վիճակում գտնվող մի ընտանիք, 6 երեխա, պատկերացրեք, թե ինչ հսկա միջոցներ են պետք, որ կարողանաս բոլորին օգնության ձեռք մեկնել»:

Թումասյանի խոսքերով՝ պետությունը կամ համայնքները պետք է սոցիալական ծրագրերին առավել ուշադրություն դարձնեն, արմատական փոփոխություններ պետք է արվեն, մարդիկ պետք է աշխատեն: «Սոցիալական նպաստների փոխարեն պետք է փողոցների հավաքարարների թիվն ավելացնել, որ մարդն իր աշխատանքի դիմաց ինչ-որ բան ստանա, ոչ թե տանը նստեն 6 հոգով, որ ինչ-որ կազմակերպություն գա և իրենց օգնություն տա: Հասկանալի է, ովքեր հաշմանդամ են, միայնակ ծերեր են, փոքր երեխաներ ունեն, ճակատագրի բերումով դժբախտ են և այլն, բայց մյուս ընտանիքները, որ տղամարդ ունեն, աշխատունակ են, այդ մարդիկ պետք է աշխատեն:
Պետությունը նույնիսկ արհեստականորեն պետք է աշխատատեղեր ստեղծի, և սոցիալական նպաստների մի մասն ուղղվի նման աշխատանքներին
»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք իրականացվեցին, մեծ օգնություն էին Գյումրիի համար: «Մոտ 20 տոննա սննդամթերք բաժանվեց, հարյուրավոր երեխաների տաք և նոր հագուստ բաժանվեց: Քաղաքի փողոցների բոլոր հավաքարարներին ամանորյա նվերներ բաժանվեցին: Իհարկե, այսպես դժվար է, որովհետև աղքատությունը գնալով ավելի խորանում է. եթե անցյալ տարի մեզ դիմում էին ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող 200 ընտանիք, այս տարի դիմել են հազարից ավելի»,-եզրափակեց  «Շիրակ» կենտրոնի ղեկավարը:

 

 

Ամեն օր, կարծեք թե, վերջին կոպեկներով ենք փայտ առնում, բայց հաջորդ օրը նորից օգնություն առաջարկող գործընկեր է հայտնվում. Վ. Թումասյան