ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել փոխգործակցությունը Վրաստանի հետ. Ապաթուրայ
ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել փոխգործակցությունը Վրաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կամրապնդի Վրաստանի հետ համագործակցությունը 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում Դաշինքի գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումների հիման վրա։
Նա նշել է, որ այսպես կոչված՝ գործողությունների պլանը, որը ժամանակին ստեղծվել է որպես պրակտիկ գործիք, չպետք է քաղաքական այնպիսի նշանակություն ունենա, որը նրան տրվում է այժմ։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ երկիրը «շարունակում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհը»։
«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի ինտեգրման ճանապարհին ոչ միայն քաղաքական պլանում, այլև անվտանգության՝ հիմնված դաշինքի չափանիշների վրա»,-ասել է Մարգվելաշվիլին։










