Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկ նշանակության ջոկատ ուղարկել Սիրիա
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ այժմ Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության վերաբերյալ քննարկումներ են ընթանում, հայտնում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ուղարկել հատուկ նշանակության զորքեր։
«Ընթանում են քննարկումներ Սիրիայում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի գործողությունն իրականացնելու համար ցամաքային զորքեր կամ հատուկ նշանակության զորքեր ուղարկելու վերաբերյալ, և Սաուդյան Արաբիայի թագավորությունն իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել հատուկ նշանակության զորքերն այդ գործողությունների համար»,- հայտարարել է Ալ-Ջուբեյրն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զորքեր ուղարկել Սիրիայում ցամաքային գործողությանը մասնակցելու համար՝ այն դեպքում, եթե այն համակարգի ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հրամանատարությունը:










