Հայկ Խանումյանը ղալլաթ է անում, որ խնդրեն էլ, Բաբայանը պաշտպանության նախարար դառնալ չի ուզում. Ս. Բաբայան (տեսանյութ)
Հայկ Խանումյանին ծեծել են՝ ստիպելով, որ գրի, թե երեկվա հավաքի համար Սամվել Բաբայանն իրեն գումար է տվել, որ կազմակերպի այդ հավաքը: Այս մասին Հայկ Խանումյանին Ստեփանակերտի հիվանդանոց այցելելուց հետո «Ազատության» տեսանյութում ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր ծեծի են ենթարկել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, ով Facebook կայքի իր էջում գրել է, որ իր ծեծողներից 7-ին ճանաչում է:
Սամվել Բաբայանը նշել է, որ ինքը ոչ մի շահ չունի, և ինքը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական պաշտոն չի ցանկանում:
Ինչ վերաբերում է նրան, թե Հայկ Խանումյանն առաջարկել է, որ Սամվել Բաբայանը դառնա ԼՂՀ պաշտպանության նախարար, Սամվել Բաբայանն ասել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ է անում, որ ինձ առաջարկում է պաշտպանության նախարար, որ խնդրեն էլ պարոն Բաբայանին, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար չի ուզում»։
Նա նշել է, որ եկել է ժողովրդի կողքին կանգնելու ու կանգնած է և Հայկ Խանումյանին չի խնդրել, որ նման հայտարարություն անի: Նա հիշեցրել է, որ հայտարարել է, որ որևիցե պաշտոն չի ակնկալում և իշխանությունից որևիցե մեկի հետ չի ցանկանում հանդիպել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր է անելու, Սամվել Բաբայանն ասել է, որ քայլեր լինելու են, սակայն չի բացահայտել դրանք:










