Նախնական հաշվարկներով վնասը կազմել է 20-60%. գյուղապետերը՝ հունիսի 4-ի և 5-ի կարկուտի մասին
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Կայծակ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով հունիսի 4-ին և 5-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի մասին, ասաց, թե իրենց համայնքում կարկուտն այդքան ուժեղ չի եղել, որ շատ վնաս հասցրած լինի, սակայն, նշեց, որ եկածն էլ արդեն հասցրել է վնասել բանջարաբոստանային կուլտուրան:
«Արևը դուրս գա, գնանք դաշտ` տեսնենք ինչ է եղել»,-ասաց Կայծակ Մկրտչյանը՝ հավելելով, որ կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը գնահատելու համար: Սակայն, նրա նախնական գնահատականներով, շուրջ 20-30 տոկոս կկազմի վնասը:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանն էլ ասաց, որ իրենց համայնքում ցանքատարածությունները կարճ են, չեն հասցրել վնասվել: Գյուղում պտղատու ծառեր չկան, վնասվել են միայն դեկորատիվ ծառերի ծայրերը:
Արագածոտնի Մաստարա համայնքի ղեկավար Սարգիս Ավետիսյանն ասաց, որ մարզպետարանից հանձնաժողով է ստեղծվել, և այս պահին գնահատում են վնասի չափերը:
«Գյուղում տնամերձ այգիներն են վնասվել՝ խնձորի և ծիրանի ծառերը: Մոտ 60 տոկոս կլինի վնասը: Դաշտերում՝ որտեղ ցորեն ու գարի է, վնասը կլինի մոտ 30 տոկոս, թեև սա պաշտոնական գնահատված թիվը չէ: Վնասն էլ մասսայական չէ, քանի որ տեղ-տեղ է եկել կարկուտը»,-ասաց Մաստարայի գյուղապետը:
Նշենք նաև, որ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով կարկտահարության թեմային, նշել էր, որ մասնագիտական հանձնաժողովներն առաջիկա օրերին կարձանագրեն վնասները:










