Մենք ահաբեկչությունների շարք ենք կանխել Ֆրանսիայում. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է հատուկ ծառայության կողմից Ֆրանսիայում «Եվրո-2016»-ի անցկացման ժամանակ նախատեսված 15 ահաբեկչություններից բաղկացած շարք կանխելու մասին, հաղորդում է 112 Украина-ն:
«Իրականում Անվտանգության ծառայությանը հաջողվել է կանխել 15 ահաբեկչական գործողությունից բաղկացած շարք, որը նախատեսվում էր իրականացնել Ֆրանսիայի տարածքում 2016 թվականի հունիսի 10-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացման նախօրեին և ընթացքում»,- հայտարարել է Գրիցակը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն աշխատել է ավելի քան կես տարի՝ փաստագրելով ամեն քայլը:
Գրիցակի խոսքով՝ իրենք չէին պատրաստվում անգամ ճեպազրույց կազմակերպել, բայց տեղեկությունը հայտնվել է արտասահմանյան ԶԼՄ-ներում:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել են, որ ուկրաինա-լեհական սահմանին ձերբակալվել է մի ֆրանսիացի, ով տեղափոխելիս է եղել զենքեր և 100 կիլոգրամ պայթուցիկ, այդ զինամթերքն իբր մտադիր էին օգտագործել ահաբեկչությունների համար: Նա կալանքի տակ է գտնվում Ուկրաինայում և ենթադրաբար սպասում է արտահանձնման մասին որոշմանը:
Գրիցակի խոսքով՝ ձերբակալվածը պատրաստվում էր Ֆրանսիայում մզկիթ, սինագոգ, հարկային և ավտոճանապարհների հսկման կետեր պայթեցնել:










