Հայաստանն ու Ադրբեջանը գլադիատորների են վերածվել միջազգային հանրության առջև. Արմեն Սմբատյան ( տեսանյութ)

17:30 • 07.06.16

Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը գլադիատորների են վերածվել միջազգային հանրության աչքի առջև. ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը,  այս մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

«Կարծում եմ, որ որքան էլ ագրեսիվ հարաբերություններ լինեն, կան մարդիկ, որոնք պետք է հանուն հաջորդ սերունդների ստեղծեն  այնպիսի  մարդկանց կերպարներ, որոնք ի վիճակի են  հաղորդակցվել  միմյանց հետ` իրար  չսիրելով  հանդերձ, բայց միմյանց հարգելով: Զուտ եսասիրական մոտեցումներով` շատ հարմար է ասել` ոչ մի դեպքում, նրանք թշնամիներ են,  հետո՞…  ո՞րն է լինելու հետոն:  Մենք ի՞նչ ենք թողնելու հաջորդ սերունդներին»,- ասում է Արմեն Սմբատյանը` ընդգծելով, որ ասում է բաներ, որոնք միգուցե շատ-շատերին դուր չգան:

Նրա ամփոփմամբ՝  հայերն ու ադրբեջանցիները պետք է հաղորդակցվեն. «Մենք հարևաններ ենք ու չենք կարող թռչել տիեզերք»:

«Պետք է գտնվեն մարդիկ, ովքեր հայացքը կնետեն ապագային։ Անհրաժեշտ է պայմանավորվել, մենք այլ ելք չունենք։ Այժմ՝ ագրեսիայից հետո, դրա մասին դժվար է խոսել, սակայն պետք է գտնել ելք, ոչ թե արդարացնել այն, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է Արմեն Սմբատյանը: