Բեռլինը բարձրաձայնում է 1 դար առաջ տեղի ունեցածի մասին, սակայն լռում Թուրքիայում այժմ տեղի ունեցող բռնաճնշումների մասին. The Wall Street Journal

13:24 • 07.06.16

Գերմանիայի խորհրդարանը ներկայացնում է 101 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության մասին ճշմարտությունը, բայց շարունակում է լռել Անկարայի ժամանակակից բռնաճնշումների մասին, The Wall Street Journal-ում գրում է թուրք լրագրող Ասլի Այդինթաշբաշը:

 

Հեղինակը պատմում է, որ ինչպես Թուրքիայում բոլորին, նրան նույնպես դեռ դպրոցից սովորեցրել են, որ հայերն անշնորհակալ են եղել և ռուսներին են պաշտպանել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Օսմանյան կայսրությունը քանդելու համար, և 1915 թվականին արտաքսվել են, իսկ աշխարհը փորձում է ստեր տարածել ցեղասպանության մասին՝ Թուրքիան թուլացնելու համար: Նա նշում է, որ իրենց 20 տարի է պահանջվել այդ քարոզչությունից ազատվելու և ճշմարտությունը հայտնաբերելու համար:

 

Հեղինակն այնուհետև պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել՝ գրելով, որ Անատոլիան «մաքրվեց» իր ամենահին քաղաքակրթություններից մեկից՝ համակարգված զտումների և լավ մշակված զանգվածային սպանությունների միջոցով: «Հայկական կյանքի և մշակույթի բոլոր հետքերը ջնջվեցին 1923 թվականին նորաստեղծ հանրապետության հիմքերում: Ասես նրանք երբեք այդտեղ չէին էլ ապրել»,- գրում է հեղինակը:

 

Հոդվածագիրը գրում է, որ Բունդեսթագն առաջին խորհրդարանը չէ, որ դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, բայց այս քվեարկությունը չափազանց կարևոր է, որովհետև ուշադրություն է հրավիրում այդ ողբերգությունում Գերմանիայի հանցակցության վրա:

 

Հեղինակը հիշեցնում է, որ Բունդեսթագի՝ թուրքական ծագմամբ բոլոր 11 անդամները կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին՝ չնայած Անկարայի ճնշումներին: Եվ չնայած Անկարայի պաշտոնական արձագանքը չափավոր է թվացել, հիմնական զայրույթն ուղղվել է Ջեմ Օզդեմիրի և մյուս պատգամավորների վրա: Էրդողանն առաջարկել է ստուգել նրանց արյունը լաբորատոր պայմաններում՝ պարզելու համար, «թե ինչ տեսակի թուրք են նրանք»:

 

Հեղինակը նշում է, որ Թուրքիայում հանրությունն անգամ ավելի հետադեմ է, քան իշխանությունը, և երկրի խեղդող մտավորական մթնոլորտում պետք չէ հույս ունենալ, որ Բունդեսթագի քվեարկությունը կարող է թարմ օդ դառնալ: Թուրքիայում «նորմալ» ժամանակներ չեն: Ազատ խոսքը ճնշումների է ենթարկվում, ավտորիտար ռեժիմը ճնշում է լրատվամիջոցներին, տասնյակ գիտնականներ, ովքեր դեմ են քրդական հարցի վերաբերյալ իշխանությունների կոշտ ռազմավարությանը, հեռացվել են աշխատանքից կամ ձերբակալվել:

 

Եվ այն ընթացքում, երբ այդ ամենը տեղի էր ունենում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում էր Էրդողանի հետ փախստականների հարցով համաձայնագիր ձեռք բերել՝ անտեսելով երկրում ժողովրդավարության կտրուկ հետընթացը:

 

ԵՄ պաշտոնյաները ոչ մի խոսք չէին ասում մամուլի ազատության, դատական համակարգի վրա ճնշումների կամ քրդական շրջաններում մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակի վերաբերյալ, մինչև եվրոպական հասարակությունը վերջապես իր բողոքի ձայնը հայտնեց այդ երկակի չափանիշների առնչությամբ:

 

Գերմանիայի իշխանությունը համարձակորեն առերեսվում է իր անցյալին, բայց այն պետք է նաև հարցականի տակ դնի ներկայի մասին լռության իր քաղաքականությունը, գրում է հոդվածագիրը:

Բեռլինը բարձրաձայնում է 1 դար առաջ տեղի ունեցածի մասին, սակայն լռում Թուրքիայում այժմ տեղի ունեցող բռնաճնշումների մասին. The Wall Street Journal