Գերմանիայի կառավարությունը մտահոգված է վրացական հանցավոր խմբերի առնչությամբ. Die Welt

11:21 • 07.06.16

Ապագայում Արևելյան Եվրոպայի է՛լ ավելի շատ քաղաքացիներ կկարողանան ժամանել Եվրամիություն՝ վիզա չձևակերպելով: Սակայն ժամանակի հետ նման հեռանկարն է՛լ ավելի քիչ հավանության է արժանանում: Դաշնային կառավարությունը հայտարարում է Գերմանիայում կազմակերպված հանցավորության աճի հետ կապված իր մտավախությունների մասին, գրում է գերմանական Die Welt-ը:

 

Ինչպես հայտնում են հրապարակման հեղինակները, այդ մասին մտավախությունները խորհրդարանում դռնփակ հանդիպման ժամանակ հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը: Նա արտասահմանցիների գործունեությամբ է բացատրել Գերմանիայում կողոպուտների թվի աճը: Առավել շատ խնդիրներ գերմանացի իրավապահ մարմինների մոտ առաջացնում են Վրաստանից հանցագործները, նշել է նախարարը:

 

«Բեռլինի կառավարական շրջանակներում աճում է դժգոհությունը Եվրահանձնաժողովի կողմից առաջ մղվող Վրաստանի, Ուկրաինայի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացման առաջարկի առնչությամբ»,- ասված է հոդվածում:

 

Կազմակերպված հանցավորությունը հենց Վրաստանում լուրջ խնդիր է դարձել, նշում են Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները:

 

Բացի այդ, գրում են հոդվածի հեղինակները, բալկանյան երկրների հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումն անցած տարի զգալիորեն ավելացրել է այդ երկրներից ապաստան ստանալու դիմումների քանակը:

 

Գերմանիայի կառավարությունը մտահոգված է վրացական հանցավոր խմբերի առնչությամբ. Die Welt