Հայաստանը Պեկինում կազմակերպված մանկական նկարների ցուցահանդեսում ճանաչվել է լավագույնը

18:32 • 07.06.16

Շանհայի Համագործակցության Կազմակերպության քարտուղարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին Պեկինում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մանկական նկարների միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որը կրում էր «Ամբողջ աշխարհի երեխաների բարեկամությունը» խորագիրը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։


Ցուցահանդեսին ներկայացված են եղել ՇՀԿ անդամ, դիտորդ և երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեցող երկրների մանուկների ավելի քան 500 մանկական աշխատանքներ:


Երևան քաղաքից ցուցահանդեսին ներկայացված փոքրիկ Մարինեի աշխատանքը համարվել է լավագույնը և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը։ Նրա աշխատանքում աշխարհի ազգային դրոշները դարձել էին հաստաբուն մի ծառի տերևներ, որի շուրջ պարում են տարբեր ազգությունների երեխաներ։

Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, Չինաստանում UNICEF-ի տնօրենը, ինչպես նաև չինական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: