Մերկելին անհասկանալի են թվում Ցեղասպանության ճանաչման պատճառով Բունդեսթագին Թուրքիայի ներկայացրած պահանջները
Թուրքական կողմի պահանջները և մեղադրանքները Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, հասկանալի չեն: Այդ մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Reuters-ը։
«Գերմանական Բունդեսթագի ընդունած բանաձևի առնչությամբ հայտնի է, որ կա երկու տարբեր կարծիք՝ գերմանական Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի: Ես անձամբ այդ առնչությամբ կշարունակեմ… հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների մեկնարկի օգտին»,- ասել է նա։
Նա նշել է, որ Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են՝ առանց բացառության, և «պահանջներն ու հայտարարությունները, որոնք այժմ անում է թուրքական կողմը, անհասկանալի են», ասել է Մերկելը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բանաձևի օգտին քվեարկած թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականների հասցեին հնչած մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Էրդողանն առաջարկել էր լաբորատոր պայմաններում ստուգել Ցեղասպանության մասին բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրի արյունը։
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:










