Ստամբուլում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ ադրբեջանցի (լուսանկարներ)

13:01 • 07.06.16

Ստամբուլի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, 36 հոգի՝ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել գլխավոր զբոսաշրջային թաղամասի, խոշոր համալսարանի և քաղաքապետարանի մոտակայքում, հայտնում է Reuters-ը:

 

Հաղորդվում է, որ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկները հեռակա կարգով գործի են դրվել այն ժամանակ, երբ անցնելիս են եղել ոստիկանական ավտոբուսները: Այս տարվա ընթացքում սա Ստամբուլում տեղի ունեցած չորրորդ խոշոր պայթյունն է:

 

Պայթյունի համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

 

Ինչպես հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը, պայթյունի թիրախը եղել են ճանապարհով անցնող ոստիկանության արագ արձագանքման ուժերին տեղափոխող մեքենաները: Զոհերից յոթը ոստիկան են, չորսը՝ քաղաքացի: Վիրավորներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:

 

Anadolu գործակալությունը հաղորդել է, որ պայթյունից հետո տարածքում կրակոցներ են լսվել:

 

TRT Haber հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մեկ ադրբեջանցի է զոհվել: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից հայտնել են, որ այժմ ճշտվում է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցու մահվան մասին տեղեկությունը:

 

 

 

 

 

Ստամբուլում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ ադրբեջանցի (լուսանկարներ)