Հալեպում ռմբակոծության հետևանքով 15 մարդ է զոհվել. տուժել է հիվանդանոցի շենքը (տեսանյութ)

19:01 • 08.06.16

Սիրիայի Հալեպ նահանգի` ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում այսօր իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով 15 մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով իրավապաշտպաններին, ավիահարվածներից մեկն ընթացել է Աշ-Շաար շրջանի ժամանակավոր հիվանդանոցի ուղղությամբ: Հաղորդվում է, որ հիվանդանոցի շենքը մասամբ ավերվել է:

Իրավապաշտպան ակտիվիստների տարածած տեսագրություններում երևում է, թե ինչպես են զոհվածներին և վիրավորներին դուրս բերում ավերված շենքից:

Դեռևս պարզ չէ, թե ավիահարվածներն ով է հասցրել Հալեպի այդ շրջաններում: Հայտնի է, որ կառավարական զորքերը ներկա պահին  փորձում են ամբողջությամբ գրավել քաղաքը, և շրջափակել են ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող արվարձանները:

 

Հալեպում ռմբակոծության հետևանքով 15 մարդ է զոհվել. տուժել է հիվանդանոցի շենքը (տեսանյութ)