Ռասմուսենը նշել է ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության նախապայմանը

13:29 • 08.06.16

ՆԱՏՕ-ն կարող է վերադառնալ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը՝ միայն Ուկրաինայում հակամարտության լուծումից հետո. հայտաարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։

 

«Կան հարցեր, որոնք ավելի արդյունավետ է լուծել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության միջոցով՝ Աֆղանստանը, ահաբեկչության դեմ պայքարը, նաև Սիրիայի ու Իրաքի հարցը, ԻՊ-ի դեմ պայքարը և այլն։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ սկսվեց Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից։ Չի կարելի գործը շարունակել առաջվա պես, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի արևելքը։ Դա է մեր խնդիրը»,-ասել է Ռասմուսենը։

 

Նա դարձյալ հիշեցրել է դաշինքի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության մասին։

 

«Ես կողմ եմ, որ Ռուսաստանը, համաձայն Մինսկյան պայմանավորվածությունների, դուրս գա Արևելյան Ուկրաինայից, և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև սահմանային վերահսկողությունը վերականգնվի, որպեսզի ուկրաինացիները ստանան սահմանի վերահսկողությունը։ Այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել այլ քայլեր վերսկսելու մասին։ Քանի դեռ Ռուսաստանը փորձում է սառեցված հակամարտություն ստեղծել Ուկրաինայի արևելքում, դա դժվար կլինի»,-ասել է նախկին գլխավոր քարտուղարը։