Լեհաստանում ահաբեկչության սպառնալիքի պատճառով տասնյակ շենքերից մարդիկ են տարհանվել
Լեհաստանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Վարշավայում, Լյուբլինում, Վրոցլավում և այլն, պայթյունների սպառնալիքների պատճառով մարդկանց տարհանել են դատարաններից ու այլ հաստատություններից, hաղորդում է РИА Новости գործակալությունը՝ լեհական լրատվամիջոցներին հղումով։
Onet ինտերնետային կայքը հաղորդել է, որ Ժեշուվ քաղաքում 11 տարբեր հաստատություններ պայթուցիկ սարքերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացել. նրանց թվում քաղաքային բոլոր դատարաններն են։
Նշվում է, որ սպառնալիքներն ուղարկվել են էլեկտրոնային փոստով։ Ոստիկանները խուզարկում են շենքերը։
Հաղորդվում է, որ պայթյունների սպառնալիքի պատճառով կաթվածահար է նաև Կատովիցե քաղաքի կենտրոնը։ Ոստիկանությունը խուզարկում է քաղաքային 9 շենք, ինչպես նաև խոշորագույն Silesia City Center առևտրի կենտրոնն ու միջազգային օդանավակայանը։
Վարշավայում սպառնալիքներից հետո 33 օբյեկտ է ստուգվում։ Դրանց մի մասից մարդկանց տարհանել են։ Շարունակվում են պայթուցիկ սարքերի որոնման աշխատանքները։










