Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որ նրանք ևս Գերմանիայի օրինակով կատարեն Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն. Միլոշ Զեման

15:26 • 08.06.16

Պետական այցով Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ընթացքում:

«Դա հիմնավորված էր նաև այն փաստով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ազգը ևս կկրեր նման տույժեր և պատմությունը կնմանվեր: Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ՝ կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով կատարեն նմանատիպ հայտարարություն»,-հայտարարեց Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

 

 

Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որ նրանք ևս Գերմանիայի օրինակով կատարեն Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն. Միլոշ Զեման