Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ թաղամասի շուկան

13:58 • 09.06.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հրթիռակոծել են Հալեպի Միդան (Նոր գյուղ հայաշատ թաղամասը-Tert.am) թաղամասի շուկան։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հրթիռակոծությունից 15 մարդ է զոհվել, գրանցվել են տասնյակ վիրավորներ։ Այդ մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինյալները շուկայի ուղղությամբ գազի բալոններով պատրաստված ինքնաշեն հրթիռներ են նետել։

 

Վնասվել է մոտ 2 տասնյակ բնակելի տուն։

 

Կենտրոնի ներկայացուցիչների համաձայն՝ սա առաջին դեպքը չէ, երբ զինյալները մտադրված հարվածներ են հասցնում քաղաքի բնակիչների զանգվածային կուտակման վայրերին։

 

Իսլամիստները շարունակում են գնդակոծել նաև Իդլիբ նահանգի Ֆուաա քաղաքն ու Լաթաքիայում տեղակայված Արդ ալ-Ուաթա և Ռաշա բնակավայրերը։

 

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ երեկ ժամը 16։30-ի սահմաններում հրթիռակոծվել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը։ Հրթիռներից մեկն ընկել է Ազգային Գյուլբենկյան վարժարանի դիմաց գտնվող շենքերից մեկի վրա։

 

Հանդեսի փորձի համար վարժարանում հավաքված աշակերտներից մեկը՝ 9-րդ դասարանցի Առաքել Թերզյանը վիրավորվել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, առողջական վիճակը կայուն է։

 

Հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ թաղամասի շուկան