Պակիստանում մայրն այրել է դստերը` իր կամքին հակառակ ամուսնանալու համար
Պակիստանում մայրը ողջ-ողջ այրել է դստերը` 17-ամյա Զինաթ Ռաֆիքին, ով, դեմ գնալով մոր կամքին, գաղտնի փախել է իր սիրեցյալի հետ ու ամուսնացել:
Ինչպես նշում է The Guardian-ը, վրեժխնդրությամբ լցված մայրը խաբել է աղջկան ու խնդրել նրան հետ վերադառնալ` խոստանալով Զինաթի համար հավուր պատշաճի հարսանիք կազմակերպել: Սակայն տված խոստումն իրականացնելու փոխարեն՝ մայրը կերոսին է լցրել աղջկա վրա ու այրել նրան:
Դրանից հետո կինը չի փորձել թաքցնել իր գործած հանցանքը` հարևանների մոտ բղավելով, որ հրկիզել է դստերը՝ ընտանիքը պատվազրկելու համար:
«Մեր ամուսնությունից 4 օր անց կնոջս ծնողները զանգահարեցին ու խնդրեցին, որ նա հետ վերադառանա` խոստանալով ներել նրան ու լավ հարսանիք կազմակերպել: Սկզբում կինս չէր ուզում գնալ, քանի որ վստահ էր, որ այնտեղ իրեն սպանելու էին, բայց երբ քեռիները երաշխավորեցին նրա անվտանգությունը` Զինաթը տեղի տվեց ու գնաց»,-պատմել է զոհի ամուսինը` Հասան Խանը:
Աղբյուրը հավելում է, որ այժմ կինը ձերբակալված է:










