ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ կկիրառվեն պաշտպանության միջոցներ. ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը

11:44 • 09.06.16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. « Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հասարակությանը պարբերաբար իրազեկելու ԼՂՀ ոստիկանության հանձնառությանը հավատարիմ՝ հայտնում ենք, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես, ի թիվս այլոց՝

- կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր,

-  որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,

-  որոշում է կայացվել Հ. Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաև կատարվել է տուժողի հարցաքննություն,

-  որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին,

- որոշում է կայացվել Հ. Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ,

-  կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն»:

 

 

 

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ կկիրառվեն պաշտպանության միջոցներ. ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը