ՀՀ-ՌԴ միասնական ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը փոխշահավետ է. Կ. Նահապետյան
ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ՌԴ միասնական ՀՕՊ համաձայնագրին: Նա ասաց, որ դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը կորցնում է այդ համակարգի ինքնուրույնությունը:
«Նոր միավորման ձևավորված համակարգի ստեղծումը նպաստելու է, որպեսզի մենք առավել համակարգված բարձրացնենք մեր պաշտպանությունը: Սա պետք է դիտարկել որպես մեր պաշտպանական համակարգի լրացուցիչ միավոր»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանը չի հանձնում իր անվտանգությունը Ռուսաստանին, որովհետև սա փոխշահավետ համաձայնագիր է:
«Այն երկու պետությունների շահերից է բխում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչներն են իրականացնելու անմիջական հրամանատարություն»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Կորյուն Նահապետյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի շրջանակը, բոլորովին այլ բան է, իսկ ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը այլ բան:
«Սա կայուն պայմանագրային հիմք է ձևավորում միավորված հակաօդային պաշտպանական համակարգ ձևավորելու համար»,-ասաց նա։
Իսկ անդրադառնալով հարցին, թե ԼՂՀ օդային պաշտպանության երաշխիքների առումով որևէ կետ կա՞ , նա ասաց, որ պահին խոսվում է ՀՀ-ի մասին:
«Բնականաբար, ուղղակիորեն հիշատակում չկա ԼՂՀ-ի օդային տարածքի մասին՝ հաշվի առնելով, որ մյուս կողմը նման բան անելով` միանգամից կընդուներ ԼՂՀ անկախությունը»,- ասաց նա:










