ՆԱՏՕ ԽՎ նիստին ներկայացվել են Ադրբեջանի վայրագությունները, միջազգային մարդասիրական նորմերի խախտումները. Կորյուն Նահապետյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին:
Նա հայտնեց, որ մինչ նստաշրջանը սկսելը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նամակով դիմել էր Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, որպեսզի ԼՂ հարցը քննարկման առարկա դարձնեն: Պատգամավորը նախ մտահոգիչ համարեց, որ նամակում նշվել էր, որ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, իսկ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Մեր պատվիրակությունը նշել էր, որ նպատակահարմար չենք գտնում հարցի քննարկումը, քանի որ կա միակ գործող արդյունավետ համաձայնեցված ձևաչափ՝ Մինսկի խմբի համանախագահները , և մնացած բոլոր հարթակներում հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման մեխանիզմներից»,-ասաց նա:
Այդուհանդերձ քաղաքական հանձնաժողովի նիստում օրակարգի հաստատումից հետո նիստը նախագահողը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին հնարավորություն է տալու հանդես գալ հայտարարությամբ մինչև հինգ րոպե տևողությամբ:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ և նշել է, իբր Հայաստանը տարածքներ է օկուպացրել, ապրիլյան պատերազմն է սանձազերծել և նմանատիպ հայտարարություններ, իսկ հայկական կողմն էլ հակադարձել է և նշել, թե ով է իրականում սանձազերծել պատերազմը։ Բացի ապրիլյան պատերազմի գործողություններից, ներկայացվել են Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմերի խախտումները, վայրագությունները, խոշտանգումները, ինչպես նաև հիշատակում է եղել Ռամիլ Սաֆարովի դեպքին, ներկայացվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով, նավթի եկամուտներով ձեռք բերված սպառազինության մասին է խոսվել:
«Մենք վերահաստատել ենք մեր կամքը, որ Հայաստանի իշխանությունները չեն տեսնում այս հակամարտության ռազմական կարգավորում»,-ասաց նա:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ հայտարարությունից հետո ադրբեջանական պատվիրակներից մեկը փորձ է արել ԼՂ հակամարտությանն վերաբերյալ հարցեր տալ և արդյունքում լարվածություն է առաջացել, երբ հայկական կողմն արձագանքել է, որ օրակարգում այդ հարցի քննարկումը ներառված չէ:










