Մարոկկոյում քաղաքացիներին արգելել են հասարակական վայրերում թերթ կարդալ
Մարոկկոյի իշխանություններն օրենք են ընդունել, որն արգելում է թերթ կարդալ հասարակական վայրերում, ինչպես նաև դրանք թողնել այդ վայրերում: Օրենսդիրները նման որոշում են կայացրել տեղական տպագիր ԶԼՄ-ների բողոքից հետո, որը կապված է թերթերի վաճառքի անկման և եկամտի կորստի հետ, գրում է newsru.com-ը:
Թերթերի խմբագիրների ֆեդերացիայի անդամները դիմել են իշխանություններին`հայտարարելով, որ մեդիաոլորտը յուրաքանչյուր տարի կորցնում է 150 մլն դոլար` չստացված եկամտի տեսքով:
Նրանց խոսքով, երբ մարդիկ թերթ են կարդում դրսում, հասարակական տրանսպորտում, սրճարանում և այլ վայրերում, ապա այդ նույն թերթը կարդում են նաև շուրջը գտնվող այլ մարդիկ: Բնականաբար, այդ ընթերցողները թերթ չեն գնում:
Խմբագիրները հայտարարել են նաև, որ կորած կամ թողնված թերթերը մարդիկ վերցնում և կարդում են` գումար չվճարելով: Այդ ամենն էլ հանգեցնում է վաճառքների անկմանը:










