Իրարանցում ԵՄ-ում. Մերկելին մեղադրում են Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին մեղմ արձագանքելու համար

14:51 • 09.06.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել են թուրքական իշխանությունների հնչեցրած մեղադրանքներին ու բանավոր հարձակումներին մեղմ արձագանքելու համար, գրում է բրիտանական Express-ը:

 

Երկու դաշնակիցների միջև լուրջ վեճից հետո Մերկելը ստիպված է պայքարել Եվրոպային ներգաղթային ճգնաժամից փրկող Թուրքիայի հետ համաձայնագիրը երաշխավորելու համար:

 

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել կանցլերին այն բանից հետո, երբ գերմանացի օրենսդիրները քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, իսկ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները մահվան սպառնալիքներ են ստացել քվեարկությունից հետո:

 

Հուսահատ Մերկելը Թուրքիայի հայտարարություններն «անհասկանալի է» մեկնաբանել և պաշտպանել պատգամավորներին՝ ասելով, որ նրանք «ազատ ընտրված խորհրդարանականներ են»:

 

Նրա մեկնաբանությունները լուրջ քննադատության են արժանացել գերմանացի խորհրդարանականների կողմից, ովքեր նրան մեղադրել են Թուրքիայի հայտարարությունները հանդիմանելուն ուղղված բավականաչափ քայլեր չձեռնարկելու համար:

 

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն ասել է. «Կանցլերը պետք է Էրդողանի նկատմամբ հստակ դիրքորոշում ընդունի: Մենք չենք կարող նրան թույլ տալ այդպես հեշտ անցկացնել դա»:

 

Սոցիալ- դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օպերմանը նույնպես Մերկելին մեղադրել է իր դիրքորոշումը հստակ չներկայացնելու համար:

 

Նրա խոսքով՝ Մերկելը պետք է հստակ ցույց տա, որ նա գերմանացի խորհրդարանականների դեմ այդ հետապնդումներն «անընդունելի է համարում»:

 

Լրատվամիջոցը նշում է, որ Մերկելը լուրջ քննադատության թիրախում է հայտնվել ներգաղթային ճգնաժամից հետո, իսկ նրա կառավարությունում իրավիճակը «40 տարվա ընթացքում կուսակցության ամենավատ ներքին ճգնաժամն» է համարվում:

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:

 

Կարող եք կարդալ նաև՝

Բունդեսթագի նախագահն Էրդողանի հասցեին խիստ հայտարարությամբ է հանդես եկել

Իրարանցում ԵՄ-ում. Մերկելին մեղադրում են Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին մեղմ արձագանքելու համար