Պերմում քիմիկոսները թմրանյութերի պատրաստման համար հումքի արտադրություն են հիմնել ու մատակարարել դեպի Եվրոպա ու Հայաստան

11:20 • 09.06.16

Պերմում կայացվել է Իլյա Կուդրյավցևի և Ալեքսանդր Նեդուգովի դատավճիռը, որոնք ամֆետամինի համար հիմք հանդիսացող բարձր խտության հումքի արտադրություն են հիմնել ու մատակարարել դեպի Եվրոպա ու Հայաստան, հայտնում է lenta.ru-ն: Իլյա Կուդրյավցևը դատապարտվել է 17 տարի 6 ամիս, իսկ Ալեքսանդր Նեդուգովը՝ 12 տարվա ազատազրկման, գործով անցնող երրորդ անձի՝ Պավել Կուդրյավցևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

 

Թմրանյութերի լաբորատորիայի գոյության ութ տարվա ընթացքում արտադրվել է 100 տոննա թմրանյութի կոնցենտրատ, որից պատրաստել են 3,5 միլիարդ հաբ: Եվրոպա հումքը հասել է լվացող միջոցի կամ վառելիքի տեսքով:

 

Բիզնեսի գաղափարախոսը և հիմնադիրը եղել է քիմիայի դասախոս Պավել Կուդրյավցևը: Նա հիմնել է քիմիական արտադրանքի մի քանի տեսակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Тривектр» ձեռնարկությունը, որտեղ էլ իրականացրել է թմրանյութերի խտանյութի արտադրությունը:

 

Կուդրյավցևը տեխնիկական լվացող միջոցի անվան տակ սահմանով հեշտությամբ անցկացրել է մեթիլբենզիլկետոնից ստացված նատրիումի աղը, որը քիմիական գործողությունների միջոցով հեշտությամբ հետ էր վերածվում մեթիլբենզիլկետոնի:

 

2007 թվականի ամռանը քիմիկոսները ծանոթացել են Սամվել Խաչատրյանի հետ: Նա ձեռք է բերել Երևանի նախկին «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի արտադրական հնարավորությունները: Նրանք պայմանավորվել են նատրիումի աղի մատակարարման մասին: Ռուս քիմիկոսները նույն տարվա սեպտեմբերին Հայաստան են բերել հումքի առաջին նմուշը և սովորեցրել են հայ «գործընկերներին» լաբորատոր պայմաններում աղը վերածել մեթիլբենզիլկետոնի, ինչպես նաև բացատրել են՝ ինչպես ստանալ ամֆետամին:

 

2012 թվականին հետաքննության ընթացքում ոստիկանները Երևանում հայտնաբերել են այդ հրահանգները գրավոր տեսքով, ինչը վկայություն է հանդիսացել թմրանյութերի արտադրությամբ զբաղվողների մեղքն ապացուցելու համար:

 

Քննիչների տվյալներով՝ 2007-2009 թվականներին ռուս քիմիկոսները՝ Կուդրյավցևները և Նեդուգովը, Հայաստան են մատակարարել մոտ 10 տոննա նատրիումի աղ: «Դա բավական է ամֆետամինի առնվազն 60 միլիոն մեկանգամյա չափաբաժնի համար»,- նշել են Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հարցերով դաշնային ծառայությունում:

 

Ոստիկանները գտել են վկայի, ով պատմել է «Դոմոդեդովո» օդանավակայանով Երևան քիմիական արտադրանքի մատակարարումների մասին: 2013 թվականին հայ «գործընկերները» դատապարտվել են երկար ժամկետներով՝ 180 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ արտադրելու համար:

 

Պերմում քիմիկոսները թմրանյութերի պատրաստման համար հումքի արտադրություն են հիմնել ու մատակարարել դեպի Եվրոպա ու Հայաստան