Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել

18:39 • 10.06.16

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է РИА Новости-ն:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ Սուխումը չի հետևի Հարավային Օսիայի օրինակին, որտեղ 2017 թվականին պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի: «Օսեթներն առանձին ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում է Ռուսաստանում, մի մասը՝ Հարավային Օսիայում: Այդ պատճառով կա վերամիավորվելու ցանկություն»,- բացատրել է Միկվաբիան:

Վարչապետը նշել է, որ Աբխազիայում իրավիճակն այլ է: «Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել և միևնույն ժամանակ լինել մեծ Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը»,- ասել է նա:

Ապրիլի 11-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ պետության իշխանությունները չեն կասկածում առաջիկա հանրաքվեի ելքի վերաբերյալ: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ ժողովուրդը կասի «այո» և մենք հանգիստ կկարողանան դիմել Ռուսաստանի բարձր ղեկավարությանը»,- նշել է նա:

 

Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել