Քաղաքական ուժերը «վնասվածքներ» ամեն օր են ստանում. Աղվան Վարդանյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգայի ժողովում ճեպազրույցի ժամանակ նախ շնորհավորեց լրագրողներին Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ավարտի կապակցությամբ և նշեց, որ կարծես թե այս նստաշրջանը անցել է հանգիստ, լրագրողները վնասվածք չեն ստացել, իսկ մյուս նստաշրջանը, գտնում է, որ ավելի թեժ կանցնի:
Հարցին, թե քաղաքական ուժերը ստացե՞լ են «վնասվածքներ» Աղվան Հովսեփյանն ասաց. «Քաղաքական ուժերը վնասվածքներ ամեն օր են ստանում՝ ամենօրյա գործի մեջ, դա հասարակության արձագանքն է, վերաբերմունք է, այնպես որ մեր գործն ավելի բարդ է քան լրագրողներինը: Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը ավելի լարված է»:
Նա նաև նկատեց, որ որոշ քաղաքական ուժեր արդեն նախընտրական շրջանի մեջ են:
Հարցին, թե ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիրը ստանալուց հետո և՞ս ստացել են վնասվածք, պատգամավորն ասաց. «Համաձայն չեմ նման մտածողության հետ, այո ստացել ենք, բայց դա կապ չունի համաձայնագրի հետ: Իսկ համաձայնագիրը ընդհակառակը հնարավորություն է, դուռ է բացել դեպի երկրի արմատական փոփոխություններ»:
Ինչ վերաբերում է 2015 թվականին բյուջեի կատարողականին ձեռնպահ քվեարկելու հայտարարությանը, նա ասաց. «Իսկ դուք տրամաբանական կհամարեի՞ք, որ կողմ քվեարկենք, մենք մեր հիմնավորումներով դեմ ենք քվեարկել, մենք որևէ պարտականություն, պատասխանատվություն չունենք 2015 թվական բյուջեի համար։ Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ բնական քաղաքական դիրքորոշում է, եթե հակառակը լիներ, իրավունք կունենայիք մեզ մեղադրել և վնասվածքներ հասցնել»:










