Արծվիկ Մինասյանի մի հայտարարությունից կախվեցին և փորձեցին նրան դարձնել իր տեսակի հակառակը. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ օրենքով հնարավոր է շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ տրվի:
«Արծվիկ Մինասյանը նաև ձեզ համար ամենահրապարակային, ամենօրյա աշխատող քաղաքական գործիչն է։ Տնտեսական քաղաքականության, մենաշնորհների մասին նրանցից ավելի պրոֆեսիոնալ, հետևողական ուրիշ քաղաքական գործիչ չգիտեմ, և հանկարծ մի հայտարարությունից կախվեցին և փորձեցին նրան դարձնել իր տեսակի հակառակը»,-ասաց նա և նշեց, որ հանրությունը նրան շատ լավ ճանաչում է և հանկարծ մի ասվածի միջոցով՝ սխալ կամ ճիշտ հասկացված, պետք չէ դարձնել հակառակը:
«Նա որևէ սխալ բան չի ասել, ասել է այն, ինչ գրած է Սահմանադրության մեջ, որտեղ ասում է, որ մենաշնորհները պետք է կարգավորվեն օրենքով։ Գուցե օրինակը սխալ է բերել՝ շաքարավազի ոլորտի վերաբերյալ, բայց ամենապրոֆեսիոնալ գնահատականն է տվել, և այսօր այդ ուղղությամբ գիշեր-ցերեկ աշխատում է»,-ասաց նա և նշեց, որ խնդիրները ճիշտ ձևակերպված են և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նկատմամբ վստահությանը, ապա նա ասաց, որ քաղաքական համակարգը վստահություն չի վայլում և կոչ արեց չանհանգստանալ Դաշնակցության համար: Հարցին՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ժամանակ էր ՀՅԴ-ն լավը, պատգամավորն ասաց. «Մենք միշտ լավն ենք»:










