Ղազախստանում գրոհայինների 5 հոգանոց խումբ է ոչնչացվել
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի հակաահաբեկչական կենտրոնը հաղորդել է Ակտոբե քաղաքում մի խումբ անձանց ոչնչացման մասին, որոնք կապ են ունեցել հունիսի 5-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ:
«Բանակցությունների ընթացքում ահաբեկիչները հրաժարվել են ինքնակամ հանձնվել ու կրակ են բացել: Զենքերը վայր դնելու պահանջը չի կատարվել: Դրանից հետո հատուկ ծառայությունների գրոհի ընթացքում բնակարանում գտնվող 4 ահաբեկիչները ոչնչացվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է ահաբեկիչների համախոհի ոչնչացման մասին, որը կրակ է բացել ոստիկանության անձնակազմի վրա: Երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել, հայտնում է gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է զինված դիմադրության դեպքում ոչնչացնել Ակտոբեում ահաբեկչությունների հետ կապ ունեցող հետախուզվողներին։
«Մենք գիտենք, որ նրանք տարածաշրջանում են, հայտնի են նրանց անունները, բնակչությունը զգուշացված է։ Անհրաժեշտ է ձերբակալել բոլոր հանցագործներին, իսկ զինյալ դիմադրության դեպքում՝ ոչնչացնել։ Նրանք պետք է ամենախիստ ձևով պատժվեն»,-հայտարարել էր Նազարբաևը։










