Հազարավոր մարդիկ ներկա են գտնվել բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)
Ամերիկյան Լուիսվիլ քաղաքում տեղի է ունեցել աշխարհի մեծագույն մարզիկներից մեկի` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սգո արարողությունն անցկացվել է մուսուլմանական ծիսակարգի համաձայն, քանի որ 74-ամյա Ալին իսլամի հետևորդ էր:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ լեգենդար մարզիկին իրենց հրաժեշտը տալու են եկել հազարավոր մարդիկ` հանգուցյալի ընտանիքի անդամները, նախկին կանայք, երեխաները, թոռները, ընկերներն ու բազմաթիվ երկրպագուներ: Հոգեհանգստի արարողությունն այցելողներից մեկն էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է եղել:
Նշվում է, որ Ալիի հուղարկավորությունը կայանալու է այսօր` հունիսի 10-ին: Նրա դագաղը կրելու են հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը, տիտղոսակիր բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսն ու Ալիի 4 զարմիկները:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը մահացել է հունիսի 3-ին` Պարկինսոնի հիվանդության դեմ 32 տարի պայքարելուց հետո:














































