Բրյուսելում ահաբեկչությունների գլխավոր կասկածյալին կհանձնեն Ֆրանսիային
Բելգիայի դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիային արտահանձնել Մուհամեդ Աբրինիին, ով Փարիզում և Բրյուսելում հարձակումների կազմակերպման հիմնական կասկածյալն է, փոխանցում է BBC-ն:
Աբրինին այն նույն գլխարկով տղամարդն է, ով նկատվել էր Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի տեսախցիկների ձայնագրություններում՝ 2 ահաբեկիչների հետ միասին:
Դեռևս հայտնի չէ` հատկապես երբ նա կփոխանցվի ֆրանսիական իշխանություններին: Բելգիայի դատախազությունից հայտնել են, որ չի բացառվում, որ կասկածյալը կարտահանձնվի Բելգիայում դատական գործընթացի ավարտից հետո: Դատախազությունում չեն բացառել նաև, որ ֆրանսիացի քննիչները կարող են հարցաքննել Աբրինիին Բելգիայում` չսպասելով դատի ավարտին:
Համաձայն դատարանի որոշման` Ֆրանսիա կարտահանձնվի նաև Մուհամեդ Բակալին, ում մեղավոր են համարում Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների համար:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում մարտի 22-ին երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










