Գերմանիայի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը կունենա դոմինոյի ազդեցություն. ԵԽ չեխ պատգամավոր

09:17 • 10.06.16

Չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ինչպես նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի՝ երկրի խորհրդարանին և կառավարությանը Գերմանիայի օրինակին հետևելու կոչը գնահատում է որպես դրական քայլ:

«Նախագահի ձայնը, իհարկե, ազդեցիկ ձայն է: Ես լիովին խրախուսում եմ նրա այդ քայլը, քանի որ Չեխիայի խորհրդարանը դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր պետության ամոթն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ նախագահ Զեմանի հայտարարությունից հետո մեծ շանսեր կան, որ Չեխիան ի վերջո կընդունի Հայոց ցեղասպանությունը:

«Բնականաբար, կան հեռանկարներ, քանի որ փաստացիորեն ամենաուժեղ կուսակցություններից մեկը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ես ինչքան գիտեմ, հակված է ճանաչելու Ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ այն վճռորոշ դեր ունի, և հայկական դիվանագիտությունը պետք է կենտրոնանա հենց այս կուսակցության պատգամավորների հետ աշխատանք տանելու վրա: Թե՛ հայ դիվանագիտությունը, թե՛ սփյուռքը պետք է աշխատանք տանեն ամբողջ Եվրոպայում, քանի որ փաստացիորեն ամենաազդեցիկ դերն ունեցող երկրներից մեկի՝ Գերմանիայի որոշումը կարող է ունենալ դոմինոյի ազդեցություն»,-վստահեցրել է նա:

Անդրադառնալով չեխ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի հետագա քայլերին, պատգամավորը նշել է. «Կարծում եմ, որ երկու երկրների կապերը հիմնված են ՆԱՏՕ-ում գործընկերներ լինելու վրա, սակայն դա ոչ մի կերպ չեմ ուզում այս հարցի հետ կապել: Առհասարակ Թուրքիայի տնտեսական հարաբերությունները Եվրոպայի, մասնավորապես Գերմանիայի հետ կլինեն ավելի հզոր, քան Թուրքիայի ձգտումը քննադատելու այդ որոշումը, բացի դրանից, այն Եվրոպայի գլխավոր տնտեսական գործընկերն է, այն միգուցե բողոքի, միգուցե սպառնա, սակայն չեմ կարծում, որ հետագա հետևանքները շատ լուրջ կլինեն»,- ասել է Յարոմիր Շտետինան: Նրա խոսքով՝ այս հարցում իրեն չի զարմացնում Ադրբեջանի դիրքորոշումը:

«Ադրբեջանցիները նույն թուրքերն են, պարզապես այս մեկը թուրք է կոչվում, մյուսը՝ ազերի»,-եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել է ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Հունիսի 8-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանում պաշտոնական այցի շրջանակում հայտարարել է, որ Չեխիա վերադառնալուն պես կոչ կանի կառավարությանն ու խորհրդարանին հետևել գերմանական օրինակին և պաշտոնապես ճանաչել թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Գերմանիայի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը կունենա դոմինոյի ազդեցություն. ԵԽ չեխ պատգամավոր