Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը
Կրեմլը չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Աշխատանքներ են իրականացվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի կունենա: Մենք տեղեկություն կտանք, երբ դա վերջնականապես հաստատվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկությունը, որ նախագահների հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի վերջին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը երեկ հրապարակել էր հաղորդագրություն, համաձայն որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթնաժողով է պատրաստվում:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։
Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։










