Պելեն 4.4 մլն եվրոյով վաճառել է իր բոլոր մրցանակները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն իր բոլոր մրցանակները վաճառել է աճուրդում ու ստացել 4.4 մլն եվրոյի եկամուտ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, աճուրդը կայացել է հունիսի 7-9-ը` Լոնդոնում:
Ֆուտբոլի արքան աճուրդի է հանել ստացած բոլոր մեդալները, գավաթներն ու անհատական մրցանակները, որոնց ընդհանուր թիվը հասել է մոտ 2.000-ի: Վաճառված ամենաթանկ նմուշը եղել է հատուկ բրազիլացու համար պատրաստված Ժյուլ Ռիմեի գավաթի կրկնօրինակը, որն աճուրդում ձեռք է բերվել կես մլն եվրոյով:
«Ես որոշել եմ իմ մրցանակներով կիսվել երկրպագուներիս ու հավաքորդների հետ: Հուսով եմ, որ նրանք լավ կպահեն այս նմուշներն ու կփոխանցեն դրանք գալիք սերունդներին»,-ասել է 75-ամյա ֆուտբոլիստը:
Պելեն (իսկական անունը` Էդսոն Արանտիս դու Նասիմենտու) առ այսօր ռեկորդակիր է համարվում ֆուտբոլի աշխարհի առաջնություններում կրած հաղթանակների թվի առումով: Նա 3 անգամ (1958թ., 1962թ., 1970թ.) հաղթել է մունդիալը:










