Իտալական քաղաքի իշխանություններն արգելել են դպրոցականներին ամռանը տնային առաջադրանքներ կատարել

17:22 • 10.06.16

Սարդինիայում գտնվող Մամոյադա իտալական փոքր քաղաքի քաղաքապետ Լուչանո Բարոնեն ամառային արձակուրդներից առաջ հատուկ հրաման է արձակել, որը կոչ է անում բոլոր դպրոցականներին ամառը չանել տնային հանձնարարություններ, այլ, փոխարենը, ավելի շատ հանգստանալ, զբոսնել, պարել և գրքեր կարդալ, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 15 կետից բաղկացած հրամանագիրը Բարոնեն ուղղել է քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններին:

 

«Արձակուրդները պարտադիր են բոլոր դպրոցականների համար: Ավելի լավ է գրեք, կարդացեք, պարեք, երկար զբոսնեք, ֆիլմեր դիտեք և արևածագեր դիմավորեք»,- գրել է Բարոնեն:

 

Նման հրաման տարածելու գաղափարը քաղաքապետի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ նա իմացել է, որ նման առաջարկով անցած տարի իր ուսանողներին է դիմել Ֆերմո քաղաքի դասախոսներից մեկը:

Իտալական քաղաքի իշխանություններն արգելել են դպրոցականներին ամռանը տնային առաջադրանքներ կատարել