ՌԴ Պետդումայի ընտրություններում Единая Россия-ին նախնական տվյալներով ձայն է տվել ընտրողների 54,28%-ը

12:17 • 19.09.16

«Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը («Единая Россия») ամրապնդել է իր առաջատար դիրքերը յոթերորդ գումարման Պետդումայի ընտրություններում, գրում է РИА Новости-ն:

Կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 93 տոկոսի մշակման արդյունքներով՝ այդ կուսակցության համար իրենց ձայնն են տվել ընտրողների 54,28 տոկոսը: Կուսակցությունն առաջատար դիրքում է 225 միամանդատ շրջաններից 203-ում: Այդկերպ արդեն վստահորեն կարելի է ասել, որ կուսակցությունն ապահովել է իր սահմանադրական մեծամասնությունը, գրում է լրատվամիջոցը:  

Նախնական տվյալներով՝ Պետդումա է անցել վեց կուսակցություն՝ չորս խորհրդարանական կուսակցությունները, «Հայրենիքը» («Родина») և «Քաղաքացիական հարթակը» («Гражданская платформа»):

«Ընտրություններ» համակարգի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13,45 տոկոսով, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ երրորդ տեղը՝ 13,24 տոկոսով, «Արդար Ռուսաստանը» հավաքել է 6,17 տոկոս ձայն: Մյուս կուսակցությունները չեն ստացել Պետդումա անցնելու համար անհրաժեշտ հինգ տոկոսը:

Մինչ այժմ մշակված քվեաթերթիկների համաձայն՝ մասնակցությունը կազմել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 47,9 տոկոսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին կայացած Պետդումայի ընտրություններում տարած հաղթանակի մասին:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, խնդիրներն ու չլուծված հարցերը շատ են, բայցև այնպես արդյունքն ահա այսպիսին է»,-ասել է նա:

Բացի այդ, Պուտինը հավելել է, որ այժմ կարելի է վստահաբար ասել, որ կուսակցությունը շատ լավ արդյունք է գրանցել: