Հալեպն ուժգին հրթիռակոծության է ենթարկվել. զոհերի թվում երեխա կա (թարմացված, լուսանկար)

14:22 • 30.09.16

16.05  

Հայտնի է, որ 12-ամյա Արման Հինդոյանն ու իր ընտանիքի անդամները հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող իրենց պատկանող խանութի մոտ:

 

Ինչպես ավելի վաղ նշել էինք, 12-ամյա Արմանի մայրը՝ Բեթի Հինդոյանը, և քույրը՝ Միրեյ Հինդոյանը, վիրավորների թվում են եղել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բեթի Հինդոյանը նույնպես մահացել է հիվանդանոցում:

 

Հալէպի զոհերու շարքին են Արման և Պէթի Հինտոյեանները

 

15.05  Հալեպի հայկական թերթերից «Գանձասար»-ի փոխանցմամբ՝ Հալեպում զոհվել են հայազգի Արման Հինդոյանը և Ծիլա Ջաբաղջուրյանը: Մյուս զոհերի ինքնությունը դեռևս չի պարզվել:


Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինդոյանը, Ծովիկ Գաբիքյանը, որոնք այս պահին վիրահատվում են:

 

Ավելի թեթև վնասվածքներ են ստացել Բեթի Լախոյան-Հինդոյանը, Մովսես Հինդոյանը, Նազար Զարմանյանը:

 

Հրթիռն ընկել է Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող Հինդոյան ընտանիքի տան վրա։

 

14.33 «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:

 

 

14.22 Այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հայտնում է Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը»: 

 

Նոր գյուղ թաղամասում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր: 


Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել նաև Հալեպի վիլլաներ թաղամասը։ 
Թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ընկած հրթիռներից մեկի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում կան հայեր։



Շտապօգնության մեքենաները շրջապատել են թաղամասը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: 

Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի տնօրինությունն անվտանգության նկատառումներով շենքում գտնվող աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։