Քրդերն ու իրաքցի զինվորականները լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլի մոտ. Պենտագոնը ևս առաջարկել է իր օգնությունը
Քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին Twitter սոցկայքի միջոցով տեղեկացրել է քրդական հրամանատարությունը:
«Մոտավորապես ժամը 06:00-ին Մոսուլից դեպի արևելք ընկած Խազերում տեղակայված քրդական ուժերն ու Մոսուլից դեպի հարավ ընկած Գվերում և Գայարայում գտնվող անվտանգության իրաքյան ուժերը սկսել են համակարգված լայնամասշտաբ գործողություն, որն ԻՊ-ի ահաբեկիչներից Նայնավան ազատագրելուն ուղղված առաջին քայլն է»,-նշվում է թվիթերյան հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Խազերում կենտրոնացված է մոտ 4.000 քուրդ զինյալ, որոնք Իրաքի դաշնային կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակում պետք է 3 ռազմաճակատում ազատագրեն իսլամիստների գրաված գյուղերը:
Նշվում է, որ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
gazeta.ru-ն հավելում է, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն տրամադրել իրաքյան բանակին Մոսուլի ազատագրման հարցում:
«Սա ԻՊ-ի վերջնական ջախջախմանն ուղղված արշավի շրջանակում որոշիչ պահ է»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Քարտերը նաև վստահություն է հայտնել առ այն, որ Իրաքի իշխանությունները կհաղթեն «ընդհանուր թշնամուն» ու կազատագրեն Մոսուլը, ինչպես նաև երկրի մնացած տարածքներն ԻՊ-ից:
Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










