Սպիտակ տունը պատրաստվում է «սեպ խրել» Ռուսաստանի և Իրանի միջև. WSJ

14:02 • 06.02.17

Բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական և դիվանագիտական դաշինքին միջամտելու հնարավորությունը՝ վերջ դնելու համար սիրիական հակամարտությանը և վերակազմակերպելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:


Պաշտոնյաները նաև նշում են, որ այդ ռազմավարությունն ուղղված է «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի հակասական խոստումների համաձայնեցմանը», ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի ռազմական ներկայությանը մարտահրավեր նետելուն:


«Եթե կա սեպ, որ կարելի է խրել Ռուսաստանի և Իրանի միջև, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հնարավորությունը»,- հայտարարել է պաշտոնյաներից մեկը:


Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանն այս պահին չի դիտարկվում որպես ԱՄՆ-ի գոյությանը պոտենցիալ վտանգի աղբյուր:


«Անկասկած, Ռուսաստանի և Իրանի միջև մեծ անդունդ կա: Սակայն անորոշ է մնում, թե ինչ կարող է պահանջել Ռուսաստանն Իրանի հետ դաշինքի թուլացման դիմաց»,- ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը, որը վերջին շաբաթների ընթացքում մասնակցել է այդ հարցի վերաբերյալ Սպիտակ տանն անցկացված խորհրդակցություններին:


Շատ փորձագետներ հայտարարում են նաև, որ Վաշինգտոնի առջև դրված խնդիրը կարող է չափազանց բարդ լինել և անդրադառնալ արևմտյան գործընկերների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: